AM
4 Մայիս 2013 - 12:46 AMT

Բակո Սահակյանը Մարտունիում մասնակցել է Կարմիր Շուկա ավանի զոհված ազատամարտիկների հուշարձանի բացմանը

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավան և մասնակցել զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևորել է Արցախի անկախության և ազատության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների կառուցումը և շնորհակալություն հայտնել բարերար Մհեր Ոսկանյանին նախագծի իրականացման համար:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Կարմիր Շուկայի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսևորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ և այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում, ակտիվորեն ներգրավված են պետականաշինության գործում: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ ավանի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել և աշխատել` ի փառս մեր պետության ու ժողովրդի: Եվ հենց դա է, ըստ երկրի ղեկավարի, մեր բոլոր մարտիրոսված քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը:

Այնուհետև, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար և Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, որոնցից 1-ը՝ հետմահու:

Միջոցառումանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: