AM
14 Դեկտեմբեր 2005 - 09:13 AMT

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

«Եթե մեզ խնդրեն ավելի խորը ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, մենք կանենք դա», – նախօրեին Բրյուսելում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական Միության միասնական արտաքին եւ պաշտպանական հարցերով ներկայացուցիչ Խավյեր Սոլանան: Նրա խոսքերով, առաջիկա օրերին կարգավորման գործընթացի շրջանակներում կայանալու են շատ կարեւոր հանդիպումներ: «Եթե այդ հանդիպումների ընթացքում որեւէ բան ի հայտ գա, վստահ եղեք. մենք կկատարենք մեր պարտավորությունները մեր բարեկամների առջեւ եւ կօգնենք նրանց»,-հայտարարել է Խ.Սոլանան: Նա նաեւ նշել է, որ վերջին ժամանակահատվածում կարգավորման գործընթացում առաջընթաց է գրանցվել: «Մենք մեծ հույսեր ունենք, որ 2006 թվականը կլինի հակամարտության լուծման մեկնարկի տարի», – ընդգծել է Խավյեր Սոլանան, հաղորդում է «Մեդիամաքսը»: