AM
17 Դեկտեմբեր 2005 - 10:14 AMT

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի ընդգրկել սառեցված հակամարտությունների մասին հարցը 60-րդ նստաշրջանի օրակարգում

Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը ընդունել է Գլխավոր կոմիտեի դեկտեմբերի 13-ի առաջարկը, որտեղ հորդորում է Գլխավոր Վեհաժողովի 60-րդ նստաշրջանի օրակարգում չընդգրկել Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի (ՎՈՒԱՄ) կողմից առաջարկված նոր դրույթը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այս տարվա նոյեմբեր ամսին ՎՈՒԱՄ անդամ երկրները նամակ էին հղել ԳՎ նախագահին` առաջարկելով օրակարգում ընդգրկել «Երկարաձգված հակամարտությունները Սեւծովյան ավազանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում եւ դրանց անդրադարձը միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» խորագիրը կրող մի նոր կետ: Դեկտեմբերի 13-ին Գլխավոր կոմիտեի հերթական հանդիպման ժամանակ խորհրդակցությունների եւ քվեարկության (5 կողմ, 3 դեմ, 17 ձեռնպահ) արդյունքում որոշում կայացվեց չընդգրկել այդ առաջարկը:

Քննարկումների ընթացքում Հայաստանը, որպես Գլխավոր կոմիտեի անդամ, խստիվ կերպով դեմ արտահայտվեց ՎՈՒԱՄ-ի առաջարկին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «հրատապության պատրվակով եւ առանց պատշաճ հիմնավորման փորձ է կատարվել ՄԱԿ-ի ԳՎ օրակարգ ներկայացնել նոր դրույթ»: Նա նաեւ ավելացրեց, որ խնդրո առարկա հարցը նույն հարթության վրա է դնում չորս տարբեր հակամարտություններ, որոնք ունեն տարբեր ծագում, պատմական եւ իրավական տարբեր հիմքեր, բոլոր հակամարտությունների բանակցային գործընթացները գտնվում են տարբեր փուլերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս ընթանում են բանակցություններ եւ կողմերը միջնորդների հետ միասին աշխատանք են տանում համապարփակ լուծում գտնելու ուղղությամբ, ավելացրեց նա:

Ա.Մարտիրոսյանը Գլխավոր կոմիտեի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ առաջարկը փաստորեն նպատակ է հետապնդում ստեղծել զուգահեռ գործընթացներ ԵԱՀԿ շրջանակներում արդեն գոյություն ունեցող գործընթացին: Հայաստանն այս նախաձեռնությունը դիտարկում է իբրեւ եւս մեկ փորձ կանխորոշելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում վարվող բանակցությունների արդյունքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ասաց Ա.Մարտիրոսյանը: Մինսկի խմբի համանախագահներից ՌԴ քվեարկել է դեմ, Ֆրանսիան չի աջակցել նախաձեռնությանը, նշելով, որ գերադասելի է հակամարտությունների կարգավորման խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների ակտիվացումը: Մինչդեռ ԱՄՆ-ն կողմ է քվեարկել ՎՈՒԱՄ-ի առաջարկին` նշելով, որ իր աջակցությունը կրում է միայն օրակարգային բնույթ: