AM
20 Դեկտեմբեր 2005 - 08:33 AMT

Անկարան «դատապարտել է» Հայոց ցեղասպանության ճանաչումը Լիտվայի սեյմի կողմից

Թուրքիայի իշխանությունները խստորեն «դատապարտել են» Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Լիտվայի խորհրդարանի կողմից: Հայտարարության մեջ նշվում է, որ «տվյալ բանաձեւը ներկայացվել է Լիտվայի խորհրդարանին որպես արդեն կատարված փաստ եւ առանց քննարկումների ու պատգամավորների մեծամասնության ներկայության, եւ հավանության է արժանացել խորհրդարանական նիստում»: «Մենք դատապարտում ենք այդ բանաձեւը, որը չունի ոչ մի պատմական, կամ իրավաբանական հիմնավորում»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Հայտարարությունում ընդգծվում է, որ 20-րդ դարասկզբի իրադարձությունները, «որոնք տառապանքների պատճառ են եղել ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի համար, չպետք է խաթարվեն մի շարք կանխակալ քաղաքական նախաձեռնությունների պատճառով եւ չեն կարող որակվել որպես ցեղասպանություն»: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «բանաձեւը չի նպաստի թուրք-լիտվական հարաբերություններին եւ թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմանը»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Լիտվայի սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ եւ կոչ է արել Թուրքիային ճանաչել մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը: