AM
21 Դեկտեմբեր 2005 - 09:13 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների նախագծի վրա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները պարունակող փաստաթղթի մշակման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը: «Դա երկու էջանոց փաստաթուղթ է, որում շարադրված են կարգավորման հիմնական սկզբունքները, հենց որ այդ սկզբունքները վերջնականապես հավանության արժանանան, կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների պատվիրակությունների հանդիպումը, որոնք կկազմեն հիմնարար փաստաթուղթը:

Յուրի Մերզլյակովն ասել է, որ առանց հակամարտության սկզբունքների մասին պայմանավորվելու «որեւէ նախագիծ գրելն անիմաստ է»: «Անցյալում միջնորդներն առաջարկում էին մի քանի տարբերակներ` տասնյակ էջերից կազմված: Կողմերից մեկն ասում էր` ոչ, սա մեզ չի չի գոհացնում, եւ ամեն ինչ զուր էր անցնում: Սկզբից պետք է պայմանավորվել, թե ինչպե՞ս է դա աշխատելու, եւ միայն հետո` ձեւակերպել», – ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե կհաջողվի արդյոք նախապատրաստել նախագիծը մինչեւ հունվարին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Յուրի Մերզլյակովը հաղորդել է, որ «դեռեւս աշխատում ենք այդ ուղղությամբ, թե ինչպես դա կլինի չեմ կարող ասել»: Այն հարցին, թե կրճատվել են արդյոք տարաձայնությունները հակամարտության կողմերի միջեւ տարածաշրջան վերջին այցելության ընթացքում` ռուս համանախագահն ասել է.«Կա դիրքորոշումների մերձեցում: Սակայն միեւնույն ժամանակ կա այս եւ այն կողմի համար անընդունելիի հասկացությունը: Այդ պատճառով տարբերակների որոնման դաշտը եւ կողմերի, եւ մեզ համար նեղացել է: Մի կողմից, դա դյուրացնում է մեր խնդիրը: Սակայն ասել, թե պայմանավորվածությունն արդեն տեսանելի է դառնում, դեռեւս չեմ կարող»,-ամփոփել է Յու.Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: