Չափազանց բարդ է համեմատել ադրբեջանական, հայկական եւ ղարաբաղյան բանակների մարտունակության մակարդակը: Այդ մասին հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության դեպարտամենտի ղեկավար, ռազմական փորձագետ Արիֆ Յունուսովը: «Ես չեմ կարծում, թե ադրբեջանական եւ հայկական բանակների մարտունակության մակարդակը շատ է տարբերվում իրարից: Ադրբեջանական բանակը շատ ավելի բազմաքանակ է, քան հայկականը: Սակայն կաշառակերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, այն տեղեկատվությունը, որ մեզ է հասնում ռազմաճակատային գծից վկայում են, որ մենք թոզ ենք փչում աչքներիս: Սակայն ես չէի ասի, թե հայկական բանակը նման խնդիրներ չունի»,-հայտարարել է նա: Մի փոքր առավել ուժեղ է թվում Ղարաբաղի պաշտպանության բանակը: Սակայն դա, նրա խոսքերով, բացատրվում է նրանով, որ «պատերազմը նրանց համար իրական սպառնալիք է»: Բացի այդ, այդ բանակի շարքերը համալրած պատերազմին իրականում մասնակցած նորակոչիկները եւ սպաները շատ ավելի մեծ տոկոս են կազմում, քան Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերում»,-նշել է փորձագետը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը չունի վճռորոշ առավելություն ռազմական ոլորտում: «Ըստ այդմ, եթե պատերազմ սկսվի, ես համոզված եմ, որ 1993 թիվը չի կրկնվի: Սակայն չի կարելի հուսալ նաեւ, թե հայկական բանակը կջախջախվի: Մենք կարող ենք ետ բերել մի քանի շրջաններ: Բայց պետք չէ մոռանալ, որ մարտական գործողությունները վերսկսելու դեպքում Ադրբեջանի հանդեպ զանգվածային ճնշում կգործադրվի միջազգային հանրության կողմից: Արեւմուտքը շահագրգռված չէ տարածաշրջանի իրավիճակի ապակայունացման մեջ: Արեւմուտքը ձգտում է հասցնել այնքան նավթ մղել Բաքու-Ջեյհան նավթատարով, որ առավելագույն եկամուտ ստանա այն միջոցներից, որոնք ներդրվել են այդ նախագծի մեջ: Իսկ երբ կստանա այդ եկամուտը, թող Ադրբեջանն ու Հայաստանը թեկուզ հարյուր անգամ պատերազմեն, Արեւմուտքին արդեն միեւնույն կլինի»,-նշել է Արիֆ Յունուսովը:
Պատասխանելով այն հարցին, թե չի վկայում արդյոք Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը եւ ԱՀ-ում պաշտպանական արդյունաբերության նախարարության ստեղծումն այն մասին, որ Բաքուն նախապատրաստվում է Հայաստանի հետ պատերազմին` ադրբեջանցի փորձագետը հայտարարել է. «Ես այնքան էլ չեմ հավատում դրան, ավելի շուտ Ադրբեջանը սպառնում է պատերազմով», հաղորդում է Day.az-ը:






