Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են շատ բարդ իրավիճակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Բանակցությունների շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, նրա խոսքերով, ընդհանուր առմամբ դրական երեւույթ է: «Չնայած, որ առկա են կողմերի մերձեցման նոր դրական տարրեր, շատ հարցերի շուրջ համաձայնություն չկա: Այդ պատճառով հիմնական հարցն այն է, որ նախագահները հանդիպել են եւ կարծիքներ փոխանակել այդ հարցերի շուրջ»,-ասել է նա` ավելացնելով, որ դեռեւս որոշված չեն նախագահների հանդիպման վայրը եւ ժամկետը: «Համապատասխան կառույցների եւ Մինսկի խմբի համանախագահների կողմից աշխատանք կտարվի այդ հանդիպումը կազմակերպելու համար»,-ասել է Ն.Մամեդովը: Մեկնաբանելով ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի պատրաստման մասին` Ն.Մամեդովն ասել է, որ միջնորդը, ըստ երեւույթին, անձնական նախաձեռնությամբ է նման տեղեկություններ տարածում: «Սակայն ես չեմ կարող ասել, թե որքանով են նրա խոսքերը համապատասխանում իրականությանը: Որոշ հարցեր մնում են հայտարարությունների մակարդակի վրա»,-նշել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






