Գերոգիեւսկ քաղաքի (ՌԴ Ստավրոպոլի մարզ) գեղարվեստի դպրոցում տեղի է ունեցել «Հայաստանը` բաց թանգարան» խորագրով մանկական գեղարվեստական մրցույթը` նվիրված հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ընդամենը մրցույթին մասնակցել են տարբեր ազգությունների 48 երեխա, որոնցից 18-ը մրցանակային տեղեր են զբաղեցրել: Մրցույթի գրան-պրին ստացել է պատանի նկարիչ, տոհմիկ կազակ Յուրի Պշունետովի թոռնիկը, որը պատկերել էր հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառման կազմակերպիչներից` Գեորգիեւսկ ք. Հայկական ազգամշակութային ինքնավարության (նախագահ` Սվետլանա Մուրադովա) կողմից երեխաներին մրցանակներ եւ դրամական պարգեւներ հանձնվեցին, իսկ մրցույթի մասնակիցների ծնողներին` շնորհակալական նամակներ երեխաների հոգեւոր եւ բարոյական դաստիարակության համար: Երեխաներին պարգեւատրում էր ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ Իվան Կիրիլովը եւ ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատող Յուրի Ավետիսյանը: Նշենք, որ հաղթողների թվում ռուս երեխաներն ավելի շատ էին, քան հայերը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կորյաբինը, վարչակազմի ղեկավարի օգնական Վիկտոր Զայցեւը եւ քաղխորհրդի նախագահի տեղակալ եւ Գեորգիեւսկի քաղխորհրդի «Միասնական Ռուսաստան» խմբակցության քարտուղար Վլադիմիր Պոբեդինսկին, ինչպես նաեւ քաղաքի ազգային համայնքների` կորեական, հունական, կազակների ղեկավարները: Ըստ Ա.Կորյաբինի, հայկական համայնքը անցնող տարում եղել է ամենաակտիվը բոլոր ազգամշակութային կազմակերպությունների թվում անցկացված միջոցառումների քանակով:






