AM
9 Հունվար 2006 - 09:06 AMT

Այսօր Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի հերթական նիստը

Փարիզում այսօր կայանալու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստ, որտեղ նախագահող լորդ Ռասել Ջոնսթոնը ներկայացնելու է այն զեկույցը, որը նախատեսված էր 2005 թվականի հունվարին ընդունված թիվ 1416 բանաձեւի 5-րդ կետի համաձայն: «5-րդ կետում նշվում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է զեկույց ներկայացվի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնք միաժամանակ Եվրախորհրդի անդամներ են, ի՞նչ են արել այս մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ», – հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, սա սովորական զեկույց չէ` ինչպես ներկայացվում է Խորհրդարանական վեհաժողովում: Բանաձեւի կամ առաջարկությունների նախագիծ, ըստ նրա, չի լինելու, զեկույցը չի անցնելու սովորական ընթացակարգ եւ չի դառնալու ԵԽԽՎ փաստաթուղթ: Ինչ վերաբերում է զեկույցի բովանդակությանը, ապա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի խոսքերով, ներկայացվում են այն փաստերը, որոնք ներկայացվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերյան նիստում, որին մասնակցեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Այս նիստի կարեւորությունը մեկն է` հանձնաժողովը պետք է վեջնականորեն ձեւավորի իր տեսակետը հանձնաժողովի ճակատագրի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրի հետ կապված հետագա քայլերի շուրջ», – նշեց Տ.Թորոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: