AM
13 Հունվար 2006 - 09:57 AMT

Լ.Բրիսթոու. «Լորդերի պալատը չի քննարկի հայկական հուշարձանների ոչնչացման հարցը»

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը տեղյակ է Նախիջեւանում հայկական հուշարձանների քանդման հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թագիզադեն: Նրա խոսքերով, ԱԳՆ-ն գտնվում է մշտական շփման մեջ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը գրավոր հարցապնդում էր հղել Լորդերի պալատ, որտեղ խնդրել էր վերաբերմունք հայտնել Նախիջեւանում հայկական պատմական հուշարձանների ավերման վերաբերյալ: Մինչդեռ, ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուին, Քոքսի արծարծած հարցը ոչ բանավեճի, ոչ էլ Լորդերի պալատում քննարկման թեմա չի դառնա: Ակնկալվում է, որ բարոնուհին պատասխան կստանա Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պատասխանատու աշխատակցից: Դեսպան Լ.Բրիսթոուն նաեւ հայտարարել է, որ թեեւ բարոնուհի Քոքսը Լորդերի պալատի անդամ է, նա չի ներկայացնում կառավարությունը. «Նրա արտահայտած մտքերը անձնական բնույթ են կրում»: Հիշեցնենք նաեւ, որ բարոնուհի Քոքսը, մասնավորապես, կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր ներկայացուցչի միջոցով Ադրբեջանում հայական եկեղեցիների եւ այլ պատմական հուշակոթողների ոչնչացման վերաբերյալ իր մտահոգությունը հայտնելու հարցը: