Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիին, որ Հայաստան է ժամանել երկօրյա աշխատանքային այցով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ. Օսկանյանը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունները, որոնք հենված են պատմական սերտ կապերի եւ ամուր բարեկամության վրա, այսուհետ եւս կշարունակեն զարգանալ բարեկամության եւ փոխշահավետ գործընկերության ոգով: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Կողմերը հայ-վրացական հարաբերությունների օրակարգը գնահատեցին որպես խոր եւ ընդգրկուն, որի վկայությունը բարձր մակարդակով հագեցած փոխայցելություններն ու կառավարությունների միջեւ ընթացող մշտական շփումներն են զանազան հարցերի շուրջ: Տարածաշրջանի զարգացման հեռանկարի առումով նախարարներն անդրադարձան հակամարտությունների կարգավորմանը: Նախարարները միմյանց տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջն այսօր ընթացող բանակցությունների եւ կարգավորման հեռանկարների, միջազգային տարբեր կազմակերպություններում դրանց վերաբերյալ քննարկումների յուրահատկությունների մասին:Այնուհետեւ նախարարներն անդրադարձան եւրոպական ուղղությամբ ընթացող զարգացումներին, մասնավորապես ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրին եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման հարցերին: Այս առումով նշվեց երկու կողմերի ջանքերի համադրության կարեւորությունը, որին կարող է նպաստել արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը:
Կողմերը հատկապես ընդգծեցին տնտեսության եւ գործարար ոլորտում ջանքերի համադրումը կապերի խորացման եւ փոխադարձ ներդրումների խրախուսման ուղղությամբ: Նախարարները նշեցին, որ հայ-վրացական առեւտրատնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել տնտեսապես արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը: Այս կապակցությամբ քննարկվեցին տարածաշրջանային տրանսպորտային ուղիների լիակատար շահագործման, մասնավորապես չգործող երկաթուղիների վերագործարկման հնարավորությունները:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ մի շարք տնտեսական հարցեր ունեն որոշ քաղաքական ենթատեքստ եւ հատուկ ուշադրություն են պահանջում: Դա հատկապես վերաբերում է արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով չգործարկվող Կարս-Գյումրի երկաթուղուն: Վ.Օսկանյանը մասնավորապես ընդգծեց, որ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու վերագործարկումը կնպաստի երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ թույլ կտա Հարավային Կովկասի բոլոր երկրներին հավասարապես օգտվելու տարածաշրջանի տարանցիկ ներուժից: Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ որպես տարանցիկ երկիր Վրաստանը շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ, որը մեծ հաշվով հեռանկարում կնպաստի ամբողջ տարածաշրջանի անխտիր բոլոր երկրների զարգացմանը: Խոսելով հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ընթացող աշխատանքների մասին, կողմերը վստահություն հայտնեցին, որ գործընթացը երկուստեք ընդունելի ավարտ կունենա հնարավոր կարճ ժամկետներում:






