AM
16 Հունվար 2006 - 14:37 AMT

Վ.Օսկանյանն ու Է.Մամեդյարովը Լոնդոնում չեն քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանագրի նախագիծը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների լոնդոնյան հանդիպման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ Ղարաբաղի շուրջ համաձայնագրի նախագիծ չի քննարկվելու: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Խոսելով հունվարի 18-19 Լոնդոնում կայանալիք հանդիպման մասին, դիվանագետը հաղորդել է, որ կշարունակվի հարցերի քննարկումը, որոնք նախկինում եւս քննարկվել են, սակայն դեռեւս համաձայնեցված չեն: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը կարող է պատրաստվել միայն այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի հիմնական սկզբունքների շուրջ: «Ինչպե՞ս փաստաթուղթ գրել, եթե կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել հիմնական հարցերի շուրջ»,-ավելացրել է Յու.Մերզլյակովը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, խորհրդակցությունների ժամանակ խոսք կգնա «ինչ-ինչ առաջարկների, առանձին հարցերի կոնկրետ ձեւակերպումների մասին»: «Բնականաբար, խոսք կգնա նաեւ նախագահների առաջիկա հանդիպման մասին: Այդ հանդիպմանը կքննարկվեն առանձին հարցեր, փորձ կարվի դրանք պարզաբանելու, լուծելու ուղղությամբ: Մենք դա իրոք գնահատում ենք որպես նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստում»,-ասել է Յու.Մերզլյակովը եւ ավելացրել, որ այդ հանդիպումից հետո հայտնի կդառնա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների փետրվարին կայանալիք հերթական հանդիպման կոնկրետ վայրը եւ ժամկետը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: