Արեւմտյան Վրաստանում ապրող մեսխեթցի թուրքերի մի քանի կազմակերպություններ Սամցխե-Ջավախքում հաստատվելու կապակցությամբ սոցիոլոգիական հարցում են անցկացրել իրենց հայրենակիցների շրջանում: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, հարցմանը մասնակցած 70 ընտանիքներից վերաբնակվելու ցանկություն ունի 63-ը: Հատկանշական է նաեւ այն հարցումը, թե մեսխեթցի թուրքերը ում հետ կարող են հավանական բախում ունենալ: 41 ընտանիք ենթադրում է, որ բախում կարող է ունենալ տեղի հայերի հետ, 16 ընտանիք` աջարների, 5-ը` վրացիների հետ: Հավանական կոնֆլիկտի պատճառների մասին հարցմանը մեսխեթցիների 26 ընտանիք պատասխանել են, որ կոնֆլիկտները կլինեն հողային բնույթի, 17-ը կարծում է, որ դրանք կլինեն կրոնական բնույթի: Մեսխեթցիները նախապատրաստվում են վերաբնակվել Ախալցխայի շրջանի վեց եւ Ադիգենի շրջանի տասներեք գյուղերում: Նշենք, որ այդ բնակավայրերց հինգը այսօր գոյություն չունի, իսկ մնացածներում ապրում են վրացիներ: