Հունվարի 19-ին Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիների վարչության ղեկավարներ Վլադիմիր Յակունինը, Իրակլի Էզուգբայան եւ Արարատ Խրիմյանը Մոսկվայում պայմանավորվել են բիզնես-֊ծրագիր իրականացնել Աբխազիայի տարածքով Սոչի – ֊Թբիլիսի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու նպատակով: Ծրագրի իրականացման արդյունքում կվերականգնվի Ռուսաստան – ֊Հայաստան երկաթուղային կապը, որը վրաց-աբխազական հակամարտության պատճառով չի գործում 1993 թվականից ի վեր: Վլադիմիր Յակունինը «Գուդոկ» թերթին հայտնել է, որ ստեղծվելու է միջազգային կոնսորցիում` «Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիների եւ աբխազ երկաթուղայինների մասնակցությամբ»: Չի բացառվում, որ ծրագրին կմիանա նաեւ Ադրբեջանը: «Դա լինելու է կոմերցիոն կառույց, որին մասնակցելու համար մենք հրավիրում ենք այն ընկերություններին, որոնք շահագրգռված են բեռնափոխադրումներ իրականացնել այդ ճանապարհով», – ասել է Վ.Յակունինը: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս կկազմավորվի աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կոնսորցիումի կազմակերպմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






