AM
24 Հունվար 2006 - 11:13 AMT

Փետրվարի սկզբին ԵԱՀԿ ՄԽ-ն կժամանի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են փետրվարի սկզբին կարճատեւ այց կատարել ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ մասին հաղորդել է ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ուղեւորությունը շատ կարճատեւ է լինելու` միայն հանդիպումներ նախագահների հետ»,-ասել է դիվանագետը եւ նշել, որ այցի նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարին կայանալիք հերթական խորհրդակցությունների նախապատրաստումը: Համանախագահների այցի ճշգրիտ ժամկետները Յու.Մերզլյակովը չի նշել, ասելով, որ դեռեւս ժամկետի վերաբերյալ հավաստիացումներ չեն ստացվել հակամարտության կողմերից: Ռուս համանախագահը իրական չի համարում նախագահների փետրվարին կայանալիք հանդիպման ժամանակ որեւէ փաստաթղթի ստորագրումը: «Ես կարծում եմ, որ վաղաժամ է խոսել դրա մասին: Նախ պետք է պայմանավորվածության հասնել կարգավորման սկզբունքների շուրջ»,-ամփոփել է նա: Յուրի Մերզլյակովը դրական է համարել հունվարի 18-19-ին Լոնդոնում կայացած խորհրդակցությունները համանախագահների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների միջեւ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: