AM
25 Հունվար 2006 - 12:57 AMT

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Եվրահանձնաժողովին անցկացնել Թուրքիայի օրենսդրության աուդիտ

ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը գոհունակություն է հայտնում «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու համար» թուրք գրող Օրհան Փամուկի նկատմամբ դատական հետապնդումը դադարեցնելու որոշման կապակցությամբ: Հայ Դատի հանձնախումբը միաժամանակ հիշեցնում է, որ տասնյակ մտավորականներ եւ լրագրողներ նույն պատճառներով հետապնդվում են եւ խնդիրը ոչ թե կոնկրետ Փամուկի գործի հետ է կապված, այլ Թուրքիայում գործող օրենսդրության, որը թույլ է տալիս խոսքի սահմանափակումներ: Փամուկի գործի այդ հանգուցալուծումը, ինչպես նշված է Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ, ապացույցն է այն բանի, թե որքան ծանրակշիռ կարող են լինել Եվրամիության առաջ քաշած պահանջները: «Եվ հակառակը, ամեն անգամ, երբ Եվրամիությունը նահանջում է իր պատասխանատվությունից եւ հրաժարվում է իր պայմաններից, դա Անկարայի կողմից մեկնաբանվում է որպես մարդու իրավունքների խախտումները շարունակելու խրախուսում:

Այդպիսով, երբ Եվրամիությունը հստակորեն կպահանջի Հայոց ցեղասպանության ճանաչում, Անկարան պարտադրված կլինի դադարեցնել իր ուրացողական քաղաքականությունը»,- հայտարարել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Լորան Լեյլեքյանը: Հայ Դատի գրասենյակը կոչ է անում Եվրահանձնաժողովին ընդլայնել ջանքերը` «իրականացնելով թուրքական օրենսդրական ակտերի եւ դատական պրակտիկայի` սահմանադրության, օրենսդրության եւ կանոնակարգերի ընդհանուր աուդիտ, օրենսդրական ակտեր, որոնք մինչ օրս շարունակում են իրավական տեսք հաղորդել հայերի բնաջնջմանը եւ կողոպուտին»: