Ադրբեջանի ԱԳՆ-ն իր վերաբերմունքն է հայտնել հանրահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի Արցախ այցելության վերաբերյալ: ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը «Մեդիա ֆորում» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նման այցերը անհարգալից վերաբերմունքի դրսևորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ: «Միևնույն ժամանակ դրանք հակասում են միջազգային իրավական նորմերին ու սկզբունքներին, դա նորմատիվների կոպիտ խախտում է: Նման այցերը բացասական ազդեցություն են ունենում հակամարտության կարգավորման վրա: Մենք խստորեն դատապարտում ենք «ապօրինի այցերը» և մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-ասել է նա:
Բոլոր նրանց, ով այցելում է ԼՂՀ առանց Ադրբեջանի համաձայնության, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարում է «անցանկալի անձ», նրանց արգելվում է մուտքն Ադրբեջան: Մոնսերատ Կաբալիեի պարագայում Էլման Աբդուլլաևը հայտարարել է. «Պետք չէ շտապել, հարկավոր է մի քիչ սպասել»:






