AM
31 Հունվար 2006 - 09:27 AMT

Ա.Մելիքյան. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից ակնկալիքների մասին խոսելն ավելորդ է

Փետրվարի 1-ից 2-ը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հարավային Կովկասի տարածաշրջան: Այցին հաջորդելու է փետրվարի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով կկայանա Փարիզի մերձակայքում գտնվող Ռամբույե դղյակում: «Որքան գիտեմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովը ասել է, որ դեռեւս չգիտեն` կայցելեն Ստեփանակերտ, թե ոչ: Պիտի արդյունքներ լինեն, այդ արդյունքները մենք տեսնենք եւ գնահատական տանք: Համանախագահների այցից եւ նախագահների հանդիպումից ակնկալիքների մասին խոսելն ավելորդ է», -հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: Լեռնային Ղարաբաղում դիտարկումներ իրականացրած ԵԱՀԿ բարձր պլանավորման խումբը, Մելիքյանի հավաստմամբ, մի քանի օրվա աշխատանքի արդյունքում որեւէ առաջարկով հանդես չի գա: Առաջարկությունները պայմանավորված են ձեռք բերված համաձայնություններով. – «Խումբը խնդիր չունի առաջարկներ ներկայացնել, նրանք եկել էին տեղում իրավիճակը ճշտելու: Դրանք մասնագիտական խնդիրներ են, բացառապես ռազմական բնույթի», -հայտարարել է Ա.Մելիքյանը: «Եթե չեմ սխալվում, 1996 թվականին խումբը մի քանի ծրագրեր էր ներկայացրել կողմերին, սակայն քաղաքական համաձայնության բացակայության պատճառով դրանք մնացել էին թղթի վրա: Այսինքն` իրականում սա տեխնիկական առաքելություն է, որն առանց քաղաքական համաձայնության որեւէ արդյունք ունենալ չի կարող», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: