Կոսովոյի վերաբերյալ լուծումները պետք է ունիվերսալ բնույթ կրեն, այդպիսին է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Կոսովոյի հարցով կոնտակտային խմբի Լոնդոնում կայանալիք նիստի շեմին, որին մասնակցելու է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Դա չափազանց կարեւոր հարց է մեզ համար ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման տեսակետից, այլ նաեւ ելնելով հետխորհրդային տարածքի գործնական շահերից: Բոլոր տարբերակները, որոնք մշակելու է Կոսովոյի հարցով կոնտակտային խումբը, պետք է ունիվերսալ բնույթ կրեն: Հետխորհրդային տարածքի ոչ բոլոր հակամարտություններն են կարգավորված: Մենք չենք կարող գնալ այն ճանապարհով, որ մեկ վայրում կիրառվեն այսպիսի սկզբունքներ, իսկ այլ տեղում` մեկ այլ»,-ասել է Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Վ.Պուտինը նշել է նաեւ.«Մեր որոշ գործընկերներ փորձում էին փաստաթղթում գրանցել, այն թեզը, թե Կոսովոյի դեպքը եզակի է եւ նախադեպեր չի ստեղծում…թե ինչի կարող է հանգեցնել այդ եզակիությունը, մենք բոլորս լավ ենք հասկանում»:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալ Ռոզմարի դի Կառլոն հայտարարել էր. «Մենք գտնում ենք, որ իրավիճակը Կոսովոյում եւ ինքը Կոսովոն եզակի են որպես երեւույթ: Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառ է դարձել Հարավսլավիայի բռնի փլուզումը: Եվ միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկեց Կոսովոյում իրավիճակը կայունացնելու համար, քանի որ Միլոշեւիչը խախտել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձեւը: Իսկ ինչ վերաբերում է Կոսովոյի մոդելով այլ սառեցված հակամարտությունների կարգավորման հնարավորությանը` դրանց հանդեպ ՄԱԿ-ի բանաձեւեր չեն կիրառվել», հաղորդում է«Ռեգնում» գործակալությունը:






