AM
31 Հունվար 2006 - 13:51 AMT

Բաքու. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է աշխատի մերձեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները

Տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է ներկայացնեն իրենց գործունեության արդյունքները, նախաձեռնությունները եւ տարբեր առաջարկները: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հունվարի 31-ին մեկնարկող այցը Բաքու: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մտադիր են փետրվարի կեսին շարունակել բանակցային գործընթացը ղարաբաղյան կարգավորման շուրջ: «Մինչ այդ հանդիպումը միջնորդական առաքելություն կատարելու նպատակով համանախագահների այցը միանգամայն հասկանալի է,-ասել է Ն.Մամեդովը:-Այսինքն, նրանք պետք է կարծիքներ փոխանակեն նախագահի հետ»: Ն.Մամեդովը հաղորդել է, որ համանախագահները որպես հակամարտության կարգավորման միջնորդներ բազմիցս զրուցել են ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ»: «Ուսումնասիրելով որոշակի ասպեկտներ, նրանք պետք է աշխատեն մերձեցնել կողմերի դիրքորոշումները եւ աշխատանք տանեն այդ ուղղությամբ: Մինչ բարձր մակարդակով հիմնական հանդիպումը նրանք ցանկանում են այցելել տարածաշրջան, զրուցել եւ կարծիքներ փոխանակել նախագահի հետ»,-ամփոփել է նա: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու են ժամանում հունվարի 31-ին, իսկ փետրվարի 1-ին, խորհրդատվություններ անցկացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, կմեկնեն Երեւան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: