Հունվարի 29-ին Մարսելում նշվեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման 5-րդ տարելիցը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը, Բուշ դյու Ռոնի Գլխավոր խորհրդի նախագահ Ժան Նոել Գերինին, բազմաթիվ պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պետական ու քաղաքական գործիչներ, մի քանի տասնյակ լրագրողներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հարյուրավոր հյուրեր: Իր խոսքում դեսպան Նալբանդյանն ընդգծեց օրենքի ընդունմանը նորից ու նորից անդրադառնալու կարեւորությունն ու արդիականությունն այն իմաստով, որ ժխտողանակնությունն այս տարիների ընթացքում ոչ միայն չի նվազել, այլեւ ընդունել է նոր ձեւեր: «Ցեղասպանությունը սոսկ պարզ պատմական իրադարձություն չէ, որը կարելի է թողնել միայն որպես պատմաբանների ուսումնասիրության առարկա, թեեւ դա եւս կարեւոր է: Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ եւ չունի վաղեմության ժամկետ: Եւ մարդկությունն իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով, այդ թվում` օրենքի ուժով, պիտի դատապարտի այդ հանցագործությունը` կանխելու համար նրա կրկնության որեւէ հնարավորություն»,- նշեց Հայաստանի դեսպանը:






