ԱՊՀ յոթ առավել աղքատ երկրների հարցերով կոնֆերանսը ավարտվել է Լյուցեռնում դոնոր կազմակերպություններին ուղղված կոչով` հնարավորություններ գտնել ավելացնելու համար անվարձահատույց տրամադրվող ֆինանսական օգնությունը «ԱՊՀ նախաձեռնություն-7» մասնակից-երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին եւ Ուզբեկստանին: Հանդես գալով կոնֆերանսի փակմանը հովանավոր չորս կազմակերպությունների անունից (Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկ եւ Զարգացման ասիական բանկ)` ՀԲ կառավարող տնօրեն Շենգման Զանգը հայտարարել է, որ դոնորական օգնության տրամադրումը արտոնյալ պայմաններով ֆինանսավորման տեսքով, ինչպես նաեւ պարտքերի բեռի թեթեւացումը դրական արդյունքներ կտան միայն արդյունավետ բարեփոխումներին զուգահեռ: Համաժողովը ԱՊՀ-7 երկրների կառավարության եւ հասարակայնության, ինչպես նաեւ միջազգային դոնորոկան ընկերակցության ներակայցուցիչների մասնակցությամբ, ուղղված էր այն սոցիալական եւ տնտեսական հարցերի լայն շրջանակի քննարկման խորացմանը եւ ընդլայնմանը, որոնք անհրաժեշտ է լուծել յոթ երկրներին Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման համար: Նշենք, որ «ԱՊՀ-7 նախաձեռնությունը» ստեղծվել է մեկ տարի առաջ ԱՊՀ երկրներում անկախությունից ի վեր առաջացած լուրջ տնտեսական դժվարությունների, աղքատության եւ պարտքի արագ աճի հետ կապված խնդիրների լուծման համար: