Այսօր Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում միջնորդները չեն շփվել լրագրողների հետ, ինչպես դա լինում էր սովորաբար: Մամլո ասուլիս չի նախատեսվում նաեւ Երեւան այցելության ժամանակ: «ԵԱՀԿ ՄԽ գործունեության նման փակ ձեւը լիովին հակասում է ժողովրդավարության սկզբունքներին»,-հայտարարել է հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով արտերկրյա դիվանագետների վարքագիծը: Նա խորհուրդ է տալիս համանախագահներին չմոռանալ, որ «խոսքը ԵԱՀԿ ՄԽ հողերի մասին չէ»: Ըստ քաղաքագետի, վաղուց արդեն ժամանակն է ապահովել բանակցային գործընթացի թափանցիկությունը: Ինչ վերաբերում է մամուլի հետ շփումներից համանախագահների հրաժարվելուն, ապա, ըստ քաղաքագետի, դա բոլորովին էլ բանակցությունների արդյունավետության ցուցանիշ չէ: «Նրանք բան չունեն քննարկելու,-հավաստիացնում է քաղաքագետը:-Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները հակամարտության հարցում բացարձակապես հակառակ են»: Ավելին, եւ Երեւանում, եւ Բաքվում, նրա խոսքերով, «ընդդիմադիր ուժերը ժամանակ են շահում, որպեսզի սկսեն օգտագործել ղարաբաղյան խաղաքարտը իրենց քաղաքական շահերից ելնելով»: «Այս ամենը բանակցային գործընթացի իմիտացիա է, ոչ ավելին»,-պնդում է քաղաքագետը, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:






