AM
7 Փետրվար 2006 - 09:48 AMT

Բաքուն փորձում է սադրել Ղարաբաղին խախտել զինադադարը

Արբեջանական կողմի հերթական հաղորդագրությունները ղարաբաղյան հակամարտության շրջանում զինադադարի խախտման վերաբերյալ, որի ընթացքում իբր ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես PanARMENIAN.net-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը, հիմնականում կրակ է բացում հակառակորդը, որպեսզի ղարաբաղյան կողմին պատասխան գործողությունների մղի: «Սա առաջին անգամը չէ, երբ փորձում են մեր տակը փորել: Ադրբեջանական կողմը չի հասկանում, որ հայկական կողմին այդ կարգի սադրանքներ պետք չեն»,- ասաց նա: Նշենք այն փաստը, որ Ադրբեջանը սկսում է «նիզակ ճոճել» սովորաբար երկու երկրների նախագահների հերթական հանդիպումից առաջ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտության տարածաշրջան ժամանելուց առաջ: Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք իրենց վնասվածքները ստացել են զենքի անզգույշ գործածման արդյունքում: Դա հաստատել է ԱՀ ՊՆ մամլո ծառայությունը, հայտնում է Day.az-ը: