AM
9 Փետրվար 2006 - 09:30 AMT

Բաքվում մշակվել է ղարաբաղյան խնդրի լուծման «եւս մեկ նախագիծ»

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները եւ նրա ազդեցությունը միջազգային ասպարեզում հույս են ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի ի օգուտ Ադրբեջանի: Սակայն, գերուժերի պայքարը Եվրասիայի համար թույլ չի տալիս լավատեսորեն վերաբերվել այս հարցի արդյունքներին: Այդ պատճառով, բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է աջակցեն կառավարությանը գրավյալ տարածքները ազատելու գործում»,-հայտարարել է ադրբեջանական Ազգային կոնգրես կուսակցության (ԱԿԿ) նախագահ Իխտիյար Շիրինը: Նրա խոսքերով, կուսակցությունները պետք է պայքարեն ոչ միայն խորհրդարանում տեղեր ստանալու համար, այլ նաեւ «Ղարաբաղի ազատագրման համար»: Կուսակցության նախագահը նշել է նաեւ, որ այդ ոլորտում ԱԿԿ-ն որոշակի միջոցներ է ձեռնարկում: Կուսակցությունը մշակել է նախագիծ «գրավյալ տարածքների ազատգրման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման կապակցությամբ, որը ներկայացվել է նախագահական վարչակազմին եւ Ադրբեջանի արտգործնախարարությանը»: Նախագիծը «նախատեսում է Հայաստանի զինված ուժերի նահանջ 50 կմ դեպի երկրի խորքը, ինչպես նաեւ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահների տեղակայում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ»: Այդ նախագծի համաձայն, «ադրբեջանցիների անվտանգությունը, որոնք կվերաբնակեցվեն ազատագրված տարածքներում, պետք է ապահովվի ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահների եւ տեղի միլիցիայի կողմից»: Կուսակցության նախագահը գտնում է, որ «ադրբեջանցիների հետ այդ տարածքում կարող են վերաբնակեցվել նաեւ ժամանակին այդտեղ ապրող հայերը»: Ըստ Շիրինի, «Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը»: «Սակայն, այդ դեպքում կարեւորվում է էթնիկ եւ մշակութային բնույթի պաշպանվածությունը: Ղարաբաղի ինքնավարության հաստատումից վեց ամիս անց, այդ տարածքի բնակիչները պետք է ստեղծեն տեղական ինքնակառավարման մարմիններ: Նախագծով նախատեսվում է նաեւ հանրաքվեի անցկացում: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի կնքման երաշխավոր պետք է հանդես գա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը»,-հայտարարել է Շիրինը: