ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ռամբույեի հանդիպումից ակնկալւոմ են հիմնական սկզբունքների ընդունում, որոնց վրա հնարավոր կլինի հիմնել ապագա բանակցությունները կամ գործնական աշխատանքները տանելու համար», Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն Ֆրանսիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, հավելելով, որ «մեկ անգամից որոշումներ կայացնելը նշանակում է վտանգի ենթարկել բանակցությունները: Ռամբույեն կարող է մի շրջադարձ հանդիսանալ, գուցե` ճշմարտության պահ, որը նոր փուլեր կբացի բանակցությունների համար»:
Նրա խոսքերով, Մինսկի խմբի միջնորդությունը հաջողություն չէր արձանագրել մինչ այժմ` բացի 2001 թվականի Փարիզի հանդիպումների ընթացքում ընդունված սկզբունքներից, որոնք պետք է ստորագրվեին հետագայում` Քի-Ուեսթում: Դիվանագետն ավելացրեց, թե բանակցությունները պետք է առաջնորդվեն երկու միջազգային սկզբունքներով. Ադրբեջանի համար` տարածքային ամբողջականություն, Հայաստանի` ազգերի ինքնորոշման իրավունք: «Ենթադրվում է փոխզիջումնային ուղու վրա համաձայնության գալը», – ասաց Ֆասիեն: «Կարող է ընդունվել Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներից հայկական զորքերի փուլերով դուրսբերումը սկզբունքը, ինչպես նաեւ ապագայում Ղարաբաղի բնակչության հանրաքվեն` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», – հայտարարեց Ֆասիեն` ավելացնելով, թե «դա կկատարվի այն ժամանակ, երբ կարողանան իրենց կամքը արտահայտել Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի բոլոր բնակիչները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:






