«Ինչ-որ տարօրնակ օրինաչափություն է ձեւավորվել ղարաբաղյան խաղաղապահ դիվանագիտության զարգացման ընթացքում: Յուրաքանչյուր տարին վերջանում է դրա ակտիվության բռնկմամբ եւ բանակցությունների շուտափույտ ավարտի խոստումներով: Ապա վրա է գալիս հիմնականում Մինսկի խմբի ղեկավարության ռոտացիայով եւ նոր խաղաղապահ խմբի իրողություններին ադապտացիայով պայմանավորված հանդարտությունը: Տարվա կեսին ավելի մոտ վրա է հասնում նմանակված աշխուժության հերթական փուլը, որը ուղեկցվում է դիվանագետների հաճախակի մաքոքային այցերով հակամարտության գոտի: Ապա հասնում է ամառային հանդարտության շրջանը, որին փոխարինելու է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հանրագումարային աշնանային ակտիվության նմանակումը»,- գտնում է ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության խմբագիր եւ քաղաքկան վերլուծաբան, քաղաքագետ Զաֆար Գուլիեւը: Նրա կարծիքով, «այսօր խաղաղապահ դիվանագիտության հերթական բռնկման նմանակման սցենարական փուլն է»: «Քանի որ ԵԱՀԱԿ ՄԽ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ոչ մի նոր գաղափար չի առաջարկել եւ հակամարտող կողմերի դիրքորոշման մեջ ոչ մի ակնհայտ փոփոխություն չի եղել, ապա առաջիկայում բանակցային գործընաթացում լուրջ առաջխաղացում չի սպասվում »,- նշել է նա:
Գուլիեւը նաեւ ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո տեղափոխվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի(արեւմուտք) «վեճի» հարթություն»: «ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին շրջանցելով բանակցային գործընթացի լճացումից դուրս գալու եւ հակամարտության կարգավուրման յուրաքանչյուր փորձ երկու հակամարտող կողմերի համար շատ վտանգավոր կլինի եւ կարող է հանգեցնել մի շարք կորուստների: Առաջին հերթին դա սպառնում է Ադրբեջանին, քանի որ վերջինս պարտված կողմն է եւ ավելի հետաքրքրված է հարցի շուտափույթ եւ արդար կարգավորման մեջ: Հակամարտության կարգավորման ակնառու ենթարկվածությունը արտաքին հանգամանքներին եւ գլոբալ խնդիրների զարգացմանը, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարությանն ու հանրությանը մատնել են բարենպաստ միջազգային քաղաքական դրությանը սպասելուն»,- գտնում է քաղաքագետը: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա նրա կարծիքով, ներկայիս փուլում, ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտող կողմերի նախաձեռնությամբ, քիչ հավանական է: «Հակամարտությունը գտնվում է միջազգային կազմակերպությունների եւ ԵԱՀԿ անդամ- պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) հսկողության ներքո, որոնք հետաքրքրված չեն տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման մեջ եւ խստորեն նախազգուշացնում են հակամարտող կողմերին խաղաղ գործընթացը խափանող յուրաքանչյուր անհարմար գործողություններից: Պատերազմը կարող է դրդվել հենց գերտերությունների կողմից (ԱՄՆ կամ Ռուսաստան), բայց ներկայիս դրությամբ նրանք դժվար թե այդպիսի ծրագրեր ունենան: Բացի այդ, տարածաշրջանում նրանց հակամարտող շահերը, հակամարտության կողմերի վրա ներազդելու ներուժը ստեղծում են որոշակի միջազգային քաղաքական հավասարակշռություն խաղաղության պահապանման օգտին»,- ասել է Գուլիեւը, հայտնում է Բաքվի «Նովոյե վրեմյա» թերթը:






