Միջազգային հանրությունը նպաստում է այն ջանքերին, որոնք գործադրվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է Ելիսեյյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը, այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: «Կան իրական շանսեր ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը դնելու համար»,-նշել է Ֆրանսիայի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանեի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո: Նա ընդգծել է, որ ընդունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին «այն հույսով, որ առաջիկա բանակցությունները ճանապարհ կբացեն խաղաղության նոր հեռանկարների համար», հաղորդել է Ելիսեյյան պալատի ներկայացուցիչը: Ժակ Շիրակը առանձնապես կարեւորել է «խաղաղության հաստատման կարեւորությունը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի, ամբողջ աշխարհում կայունության համար»: Ժակ Շիրակը երկու նախագահներին «հաջողություն է ցանկացել առաջիկա բանակցություններում», հաղորդում է Իտար-Տասսը:






