Մարդասպանություն կատարած առանձին մարդուն չի կարելի նույնացնել ամողջ ազգի հետ: Ռամիլ Սաֆարովը հանցագործ է եւ պետք է պատժվի, բայց դա չի նշանակում, որ նա ներկայացնում է ամբողջ ադրբեջանական ազգը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցաձրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, Ռամիլ Սաֆարովը հանդիսանում է այն հակահայկական պրոպագանդայի զոհը, որը տարվում է արդեն երկար տարիներ: «Ադրբեջանական հանրությունը կսկսի ուշքի գալ, միայն երբ իր մեջ ուժ կգտնի ընդունել, որ Սաֆարովը մարդասպան է»,- ասել է Գրիգորյանը:
Նշենք, որ Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցությունը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայտարարել է 2005 թվականի տարվա մարդ: Ինչպես հայտարարել է կուսակցության նախագահ Իսկենդեր Համիդովը, «Պետության եւ ազգային շահերի պաշտպանության ոլորտում ունեցած ծառայությունների համար» դիպլոմը կհանձնվի Սաֆարովի ընտանիքին: Ադրբեջանցի սպան արժանացել է նաեւ Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության պատվավոր անդամի կոչմանը:
Ըստ Գրիգորյանի, Համիդովը մարգինալ քաղաքական գործիչ է եւ չի կարող ներկայացնել իր ազգը: «Այդ կարգի մարդիկ մեծ մասամբ իրենք իրենց պատասխան չեն տալիս սեփական արարաքների համար»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:






