AM
20 Փետրվար 2006 - 09:05 AMT

ԱՄՆ կոնգրեսականը շնորհավորել է Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղյան ազատագրական շարժման տարելիցի կապակցությամբ

«Միանալով իմ բազմաթիվ գործընկերներին ես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղյան ազատագրական շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ»,-հայտարարել է Նյու Յորքի նահանգից ԱՄՆ կոնգրեսական Մայքլ ՄաքՆալթը` հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտոնապես դիմեց Խորհրդային կառավարությանը Հայաստանի հետ միավորվելու եւ խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի գործած անարդարությունը շտկելու խնդրանքով: Այդ խաղաղ եւ օրինական խնդրանքին հետեւեց Խորհրդային եւ ադրբեջանական ղեկավարության կոշտ արձագանքը, որը վերաճեց լայնամասշտաբ ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համարձակորեն նվաճեց իր նախնիների հողում ազատ ապրելու իրավունքը: Այսօր Լեռնային Ղարաբաղում շարունակում է ամրապնդել իր պետականությունը ժողովրդավարական ուղիով ընտրված ղեկավարության, մարտունակ Զինված Ուժերի եւ անկախ արտաքին քաղաքականության միջոցով: Ես միանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը տոնում է շարունակվող ազատությունն ու ժողովրդավարությունը»,-հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը: