AM
23 Փետրվար 2006 - 11:03 AMT

Վ.Պուտին. Ռուսաստանը լիովին բացառում է ճնշումը ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդեպ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարարել է, որ «Ռուսաստանը իրոք չափազանց շահագրգռված է այն բանում, որ կարգավորվեն հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները: Եթե որեւէ մեկը հակառակն է պնդում, կամ մոլորված է, կամ ցանկանում է մոլորեցնել մեր ժողովրդներին»: Նրա խոսքերով, Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման հարցում, քանի որ դրանք զսպում են տնտեսական համագործակցությունը հարեւանների միջեւ: «Եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը, ապա ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կհասներ 5 մլրդ, այլ ոչ թե կկազմեր 1 միլիարդ: Սակայն մենք լիովին բացառում ենք ճնշումը ղարաբաղյան հակամարտության որեւէ կողմի վրա: Մենք կարող ենք կատարել միջնորդի եւ երաշխավորի դեր պայմանավորվածության հասնելու դեպքում: Այսօր Ադրբեջանի նախագահի հետ եւ երեկ նրա տանը մենք բավականին շատ եւ մանրամասն խոսեցինք այդ խնդրի շուրջ»,-ընդգծել է նա: Ռուսաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ չնայած բարդ իրավիճակին, խնդիրը լուծելու շանսեր կան: «Մենք ամեն կերպ կաջակցենք, որ հակամարտությունը լուծվի եւ մնա անցյալում: Ահա այն, ինչ ես կարող եմ ասել: Քանի որ մանրամասներին անդրադառնալը վաղաժամ եմ համարում»,-ասել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Էխո» թերթը: