AM
6 Մարտ 2006 - 09:58 AMT

Ապրիլի 19-21 ԵՄ «Եռյակը» կայցելի Հարավային Կովկասի երկրներ

Եվրոպական միության «Եռյակը» ապրիլի 19-21 մտադիր է այցելել Հարավային Կովկասի երկրներ: Այդ մասին հաղորդել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովը: Առաքելության կազմում կընդգրկվեն այժմ ԵՄ-ում նախագահող երկրի (Ավստրիայի), ԵՄ հերթական նախագահի, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, եւ հավանաբար, նաեւ ԵՄ արտաքին կապերի գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան: Խ.Սոլանային անվանելով «Ադրբեջանի մեծ բարեկամ»` Ա.Մամեդովը առանձնացրել է նրա դերը Եվրամիության հետ կապերի զարգացման գործում: Այցի ընթացքում նախատեսվում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի հետ Գործողությունների ծրագրի քննարկում: «Եթե մինչեւ ապրիլ Գործողությունների ծրագիրը համաձայնեցվի, ապա նրանք պաշտոնապես կհայտարարեն մեզ, թե որ փուլում է գտնվում Եվրամիության անդամների կողմից այդ փաստաթղթի հաստատման ընթացակարգը»,-ասել է դեսպանը: Ըստ նրա, քննարկվող հարցերից մեկը կլինի էներգառեսուրսների առաքումների հետ կապված խնդիրները: «Ես կարծում եմ, որ այս տարի ԵՄ-ում շատ մեծ կլինի հետաքրքրությունը էներգետիկ հարցերի հանդեպ: Նրանք մեծապես հետաքրքրված են Անդրկասպյան խողովակաշարի անցկացման նախագծեվ: Այս ձմեռ էներգահումքի առաքումների հետ կապված խնդիրների առնչությամբ ԵՄ երկրները սկսել են լրջորեն մտածել այլընտրանքային երթուղիների մասին: Եվ մեր Կասպից տարածաշրջանը այժմ գտնվում է Եվրամիության նախագահի եւ արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների ուշադրության կենտրոնում»,-ասել է Ա.Մամեդովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: