Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում շատ դժվար են ընթանում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի ներկայացրած Գործողությունների ծրագիրը կքննարկվի ԵՄ անդամ հանդիսացող 26 պետությունների կողմից: Միեւնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են, թե ինչ փոփոխություններ եւ ուղղումներ կարելի է անել այդ փաստաթղթում: «Ինչպես Եվրոպական միությունը, այնպես էլ Ադրբեջանը շահագրգռված են հարեւանության քաղաքականության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հարցում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այդ բանակցությունները «շատ ծանր ընթացք ունեն»: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցում արմատական փոփոխությունների հնարավորությանը Ռամբույեի անարդյունք հանդիպումից հետո, ապա Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Պրահայի գործընթացի շրջանակներում: Մենք գտնում ենք, որ այժմ մենք եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է վերլուծեն ստեղծված իրավիճակը: Մենք հույս չունեինք կոնկրետ արդյունքի հասնել այդ հանդիպման ժամանակ: Տվյալ պահին մենք ունենք որոշակի կարծիք, սակայն դեռեւս վաղ է խոսել դրա մասին»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը: Ինչ վերաբերում է համանախագահների ինստիտուտում հնարավոր փոփոխություններին, ապա նախարարը նշել է, որ այդ հարցը չի քննարկվել, հաղորդում է «525 թերթը»:






