Ադրբեջանի Զինված ուժերի մասնակցությունը որեւէ զորավարժության Հայաստանի տարածքում անհնար է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի պաշտոնակատար Իլգար Վերդիեւը: Նշենք, որ օրերս Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ հունիսին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի կունենան Rescuer 2006 զորավարժությունները: Նա հայտարարել էր, որ 20 երկրների ներկայացուցիչների թվում զորավարժություններին կարող են մասնակցել նաեւ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները: «Հայաստանը միշտ հանդես է եկել հարեւան պետությունների հետ համագործակցության օգտին` «Գործընկերություն հանուն խաղաղության» սկզբունքի համաձայն եւ պատարաստ է ընդունել Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներին»,-նշել է նա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անհնար է համարում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների այցը Հայաստան: Ի.Վերդիեւը հաղորդել է, որ «Հայաստանը ձեւական մասնակցություն ունի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին»: «Տարվա ընթացքում Հայաստանում այդ ծրագրի շրջանակներում անց է կացվում ընդամենը 1 միջոցառում, որը ձեւական բնույթ է կրում»,-ասել է Ի.Վերդիեւը: Ըստ նրա, եթե նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հրավեր ստանա մասնակցելու Հայաստանում կայանալիք որեւէ զորավարժության, այդ հրավերը չի ընդունվի:






