Գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը հանդիսանում է աշխարհի ավելի քան 30 խոշոր օդանավակայանների սեփականատեր, որի կառավարմանն է հանձնվել նաեւ Երեւանի օդանավակայանը, գտնվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Ինչպես հաղորդել է «Գրունգ» գործակալությունը, նման ծայրահեղ քայլ ձեռնարկվել է այն պատճառով, որ հուլիսի 16-ին Էռնեկյանը չի ներկայացել դատարան 5 միլիոն դոլար գումարի հարկերից խուսափելու մեղադրանքով: Նրա փաստաբանների խոսքերով, Էռնեկյանը այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում եւ մոտ ժամանակներս մտադիր է ժամանել Բուենոս Այրես: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի արդարադատության մամլո ծառայությունը, արգենտինացի գործարարի հարկային խնդիրները չեն անդրադառնա Երեւանի օդանավակայանի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում ամրագրված նրա պարտավորությունների կատարման վրա: