Հունվարի 20-21 Իրանի ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի խնդիրներին նվիրված 10-րդ միջազգային խորհրդաժողովը: Իրանի աղբյուրների համաձայն, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, համաժողովի մասնակիցները կքննարկեն, մասնավորապես, այն հարցը, թե անվտանգության, տնտեսական եւ քաղաքական կայունության խնդիրների վրա ինչ ազդեցություն են ունեցել այնպիսի իրադարձությունները, ինչպես 2001 թ. սեպտեմբերի ահաբեկչական գործողություններն ԱՄՆ-ում, Աֆղանստանում թալիբների ռեժիմի տապալումը, նավթամուղների շինարարությունը: Բացի դրանից, խորհրդաժողովի մասնակիցները բանավեճեր կանցկացնեն հետեւյալ թեմաներով. Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ճգնաժամային իրավիճակների ծագման պատճառները, քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար պայմանների ստեղծումը, միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային միավորումների դերը տարածաշրջանի երկրների անվտանգության ապահովման գործում: Ինչպես սպասվում է, խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն շուրջ 60 քաղաքագետներ, փորձագետներ եւ պետական գործիչներ Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Եվրոպայի երկրներից: