AM
11 January 2003 - 15:04 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՉԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանը մշտապես տարբեր առիթներով եւ առանց առիթի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնն օգտագործում է Հայաստանի հասցեին մեղադրանքներ ուղղելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ շրջակա միջավայրի կոմիտեում ադրբեջանական պատվիրակության ելույթները «հայկական ատոմակայանի ոչ անվտանգ աշխատանքի մասին»: Նրա խոսքերով` ադրբեջանական կողմից առաջ քաշվող մեղադրանքները ԵԽԽՎ-ում երբեք լուրջ չեն դիտվել եւ հազիվ թե այս անգամ արձագանք հարուցեն եվրոպական խորհրդարանականների շրջանում: Նշենք, որ Բաքվի «Զերկալո» թերթում հրապարակված հարցազրույցում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հաղորդել էր, թե վերջին 2-3 օրվա ընթացքում ադրբեջանական կողմից պատրաստված «Մեծամորի ԱԷԿ-ը որպես սպառնալիք շրջակա միջավայրի համար» փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել ԵԽԽՎ Կոմիտեի, գործնականում, բոլոր անդամները եւ արդեն հունվարին այն կհրապարակվի որպես վեհաժողովի պաշտոնական փաստաթուղթ: