AM
19 July 2003 - 14:43 AMT

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱՐԻԶԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բաքվում Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի առաջարկությունը հետաքրքրություն է ներկայացնում եւ կարող է քննարկվել: Այդ մասին, «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, նման առաջարկությունը պետք է քննարկեն իրենք` պետությունների ղեկավարները, որոնք եւ համապատասխան որոշում կկայացնեն: Նշենք, որ ֆրանսիական կողմի նման առաջարկության մասին օրերս Փարիզում լրագրողներին էր հաղորդել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հայկական պատվիրակության Ֆրանսիա կատարած աշխտանքային այցի ավարտից հետո: Ընդ որում, նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պետք է տա երաշխիք, որ նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում, որին կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահը: