AM
9 January 2003 - 17:50 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին կոչ է արել դատապարտել ադրբեջանական ԶԼՄ-ների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմատենչ հիստերիան: Նրա խոսքերով, վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները հեղեղված են եղել ռազմատենչ հռետորությամբ, որն Ադրբեջանի նախագահն անվանում է «քարոզչություն»: Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակում Ֆրենկ Փալոնեն հատկապես նշել է Հեյդար Ալիեւի եւ նրա թիմի կողմից հանրապետության ներքաղաքական իրավիճակից հասարակայնության ուշադրությունը շեղելու նպատակով ռազմական քարոզարշավ իրականացնելու վերաբերյալ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների հաղորդումները: «Պատերազմի կոչերը, որոնք ներառում են նույնիսկ այնպիսի սարսափելի առաջարկություններ, ինչպես որբ երեխաներից մահապարտների գումարտակի ստեղծումը, ոչ այլ ինչ են, քան ատելություն եւ ծայրահեղականություն հրահրելու փորձ, որոնք վերջին տաս տարվա ընթացքում հանգեցրել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բռնության եւ բարբարոսության»,- ասվում է ուղերձում: Փալոնեի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը տվյալ պահին կարող է գնահատվել որպես ագրեսիա ժողովրդավարական երկրի դեմ: Հակառակ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշմանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը վիթխարի քայլ է արել ազատ հասարակության ստեղծման ճանապարհին, նշել է ԱՄՆ կոնգրեսականը: