ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմեկնի Բաքու Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպելու: Այդ մասին նա գրել իր Twitter-ում:
Ուորլիքը չի հստակեցրել, թե երբ կլինի Բաքվում, հայտնում է Trend գործակալությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելուց հետո Ուորլիքն արդեն մի քանի անգամ այցելել է Բաքու առանց ՌԴ ու Ֆրանսիայի համանախագահների ուղեկցության:
Մինչ այդ ամերիկացի համանախագահը հայտարարել էր ադրբեջանական ԶԼՄ-ներին, որ պատրաստ է այցելել տարածաշրջան այնքան անգամ, որքան հարկավոր կլինի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Գտնում եմ, որ երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովրդներն արժանի են խաղաղության ու բարգավաճման: Մենք պետք է գտնենք միջոցը, և դա է պատճառը, ինչու ես ստանձնեցի համանախագահի պարտականությունները կատարելու աշխատանքը, ուստի ես գտնում եմ, որ կարելի է գտնել խաղաղության ճանապարհը»,-ասել էր նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության համեմատություններին մյուս հակամարտությունների հետ՝ Ուորլիքն ասել էր, որ դա շատ բարդ է, քանի որ հակամարտությունների առաջացման պատճառները տարբեր են: «Այս աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ, ես աշխատել եմ Աֆղանստանում և առաջատար բանախոսն էի անվտանգության ապահովման գծով երկկողմ համաձայնության կնքման հարցում: Դա բարդ էր, բայց մենք կարողացանք առաջ շարժվելու ճանապարհը գտնել: Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները բարդ բանակցություններ են, դա ծանր ընտրություն է, որ պետք է կատարվի: Սակայն դա հակամարտություն է, որը հնարավոր է կարգավորել: Կարծում եմ, որ երկու երկրների ժողովրդներն արժանի են խաղաղության ճանապարհ գտնելու: Եկել է դրա ժամանակը: Եթե ես կարող են նպաստել կարգավորմանը, եթե համանախագահները կարող են դյուրացնել այդ գործընթացը, ապա մենք պատրաստ ենք»,-ասել էր Ուորլիքը:






