AM
18 July 2003 - 19:02 AMT

ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Այս շաբաթ ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւի աջակցության օգտին են հանդես եկել 40-ից ավելի ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններ, կրոնական եւ էթնիկ խմբեր: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, շարժմանը, մասնավորապես, միացել են ԱՄՆ կանանց ազգային կազմակերպությունը, Ուղղափառ ռավինների միությունը, Ամերիկայի հելլենիստական ինտիտուտը, Ամերիկա-հրեական լիգան, Խտրականությունների դեմ ամերիկա-արաբական կոմիտեն, Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը: Հայ դատի հանձնախմբի հայտարարության համաձայն, այդ բոլոր կազմակերպությունները համակարծիք են նրանում, որ անցյալ ցեղասպանությունների դասերը` հոլոկոստի, հայոց ցեղասպանության, Կամբոջայում, Ռուանդայում եւ այլ ցեղասպանությունների, պետք է դաս լինեն, որպեսզի կանխվի հետագայում մարդկության հանդեպ զանգվածային հանցագործությունների կատարումը: Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձեւը պետք է քննարկվի ԱՄՆ ներկայացուցիչների պալատում: Տվյալ բանաձեւը ներկայացված է նաեւ Սենատի քննարկմանը, որի ավելի քան 30 անդամ աջակցում է այդ փաստաթուղթի ընդունմանը: