AM
26 December 2002 - 15:40 AMT

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՓԱԿԵԼ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

2003թ. հունվարի 9-ից Ռուսաստանը կփակի իր օդային տարածքը «Հայկական ավիաուղիներ» ընկերության համար, որը ՌԴ օդային հաղորդակցման կառավարման համակարգին պարտք է 3 միլիոն դոլար: Ինչպես հաղորդել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը ՌԴ տրանսպորտի նախարարության Քաղաքացիական ավիացիայի պետական ծառայությունում, ռուսական կողմը միշտ ըմբռնումով է մոտեցել հայկական ավիաընկերության ֆինանսական դժվարություններին, եւ, հաշվի առնելով ուղեւորների շահերը, աշխատել է զերծ մնալ ծայրահեղ միջոցներից: Սակայն, նշել է տրանսպորտային գերատեսչության ներկայացուցիչը, 2002թ. աշնանից «Հայկական ավիաուղիների» պարտքը աէրոնավիագացիոն ծառայություններին նորից սկսել է աճել: Նրա խոսքերով` փոխընդունելի որոշում գտնելու բոլոր փորձերն «ավարտվել են ավիաընկերության դեկլարատիվ հայտարարություններով` առանց կոնկրետ գումարների եւ պարտքը մարելու ժամկետների ներկայացման»: