Եթե Հայաստանը ցանկանա իր ջանքերն ուղղել արեւմտյան ընկերակցությունում ինտեգրմանը, ապա նրա համար այդ ճանապարհին եզակի հնարավորություն է հարեւանների անդամակցումը ՆԱՏՕ-ին: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Վրաստանի պետական գրասենյակի միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Շալվա Պիչխաձեն` մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը: Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է չափազանց շահագրգռված լինի Կասպիի էներգապաշրներին հասու լինելուն, ինչի կապակցությամբ նրա շահերից է բխում նաեւ Ադրբեջանի ընդգրկունը իր շարքերում: Ընդ որում քաղաքական գործիչը հայտարարել է, որ Վրաստանը կտրականապես դեմ է Հայաստանի մեկուսացմանը Հարավկովկասյան տարածաշրջանում: Այդ առնչությամբ, նրա խոսքերով, համագործակցության «լավ օրինակ» կդառնան հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք միջազգային զորավարժությունները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: