Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանում այդ երկրի դեսպան Թոյլի Կուրբանովն ինքնակամ թողել է իր դիվանագիտական պաշտոնը: Ինչպես հայտարարել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «իրականում Թոյլի Կուրբանովը դիմում է ներկայացրել Թուրքմենստանի նախագահին` իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»: «Դեսպանի խնդրանքը պայմանավորված է իր կրթությունը շարունակելու եւ գիտական գործունեությամբ զբաղվելու ցանկությամբ: Թուրքմենստանի ղեկավարը բավարարել է նրա խնդրանքը», – ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ մի շարք ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը ԱՄՆ իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել եւ ներկայումս ընտանիքի հետ գտնվում է այդ երկրում: