AM
23 December 2002 - 18:04 AMT

ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՆԱՏՈԼԻ ՍՈԲՉԱԿԻ ԱՅՐԻՆ ԻՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակին Լեռնային Ղարաբաղի «Երախտագիտություն» մեդալով հետմահու պարգեւատրելու կապակցությամբ, նրա այրին, Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Լյուդմիլա Նառուսովան նամակ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Ուղերձում երախտագիտություն է հայտնվում այն բանի համար, որ «Ղարաբաղի ժողովուրդը չի մոռանում այն սկզբունքային դիրքորոշման մասին, որը Անատոլի Սոբչակը ուներ որպես պատգամավոր եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ, որպես պրոֆեսիոնալ իրավաբան եւ ժողովրդավար` պաշտպանելով յուրաքանչյուր ժողովրդի ազգային անկախության եւ ինքնապահպանման իրավունքը»: Նրա խոսքերով, ազգային եւ մարդկային արժանապատվության գերակայության ճանաչումը դրթել էր Անատոլի Սոբչակին 1989 թվականին առաջարկել իր տեղը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին: «Ես երջանիկ եմ, որ Ղարաբաղում եւ Հայաստանում հիշում են բարությունը, եւ չեն մոռանում այն մասին, որ ռուս պատգամավորը փորձում էր պաշտպանել իրենց շահերը»,- ընդգծել է Լ. Նառուսովան: Նա հույս է հայտնել, որ Անատոլի Սոբչակի կյանքից հեռանալու հետ չեն խզվի այն մարդկային, մշակութային եւ քաղաքական կապերը, որոնք առկա էին Պետերբուրգի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ: