Հայաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը կարեւոր խթան է հանդիսանում ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման համար: Այդ մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ վարչակազմին հղված ուղերձում: «Մենք կոչ ենք անում ամերիկյան կառավարությանը արագացնել Հայաստանին առեւտրում առավել բարենպաստ ռեժիմ տրամադրելու գործընթացը»,- նշվում է ուղերձում: Որպես փաստարկ ԱՀՀ-ն բերում է “Wall Street Journal”-ի տվյալներն այն մասին, որ Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների գծով: Նախկին Խորհրդային Միության երկրներից Հայաստանը առանձնանում է առավել բարենպաստ ազատական տնտեսական քաղաքականությամբ գործարարության զարգացման եւ օտարերկրյա ներդրումների գրավման առումով, նշվում է ուղերձում: ԱՄՆ-ն, ասվում է փաստաթղթում, մտնելով Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների հնգյակի մեջ, պետք է շահագրգիռ լինի հայկական ապրանքներին առեւտրային արտոնություններ տրամադրելու գործում: Այսպես, անցյալ տարի հայկական ապրանքների արտահանումը ԱՄՆ աճել է 43 տոկոսով, որի հիմնական մասը բաժին է ընկնում Կալիֆորնիային: