Ռուսական ռազմական տեխնիկայի դուրսբերումը Վրաստանից Հայաստան «չի փոփոխի տարածաշրջանում ուժերի բալանսը»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Մազուրկեւիչը: «Մենք դուրս ենք բերում ոչ թե մարտական միջոցներ, այլ ինժեներական ապահովման տեխնիկա, այդ թվում` գրեյդերներ, հողափորային մեքենաներ եւ կապի սարքավորումներ», – նշել է գեներալը: Այդ պատճառով, ասել է նա, «բոլոր խոսակցություններն այն մասին, որ այդ միջոցների դուրսբերումը կարող է վնասել Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական անվտանգությունը, անհիմն են»: