Սեւծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՍՀՄԿ) մտադիր է Հայաստանում բացել գիտության, մշակույթի եւ կրթության զարգացման աջակցության կենտրոն: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՍՀՄԿ-ի գլխավոր տնօրեն Յաննիս Պապանիկոլաուն` ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը: Նրա խոսքերով` նման մասնագիտացված կենտրոններ արդեն գործում են Սալոնիկում եւ Կիեւում` համապատասխանաբար սեյսմագիտության եւ խմելու ջրի խնդիրների ուսումնասիրության համար: Պապանիկոլաուն նշել է նաեւ, որ բացի գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցությունից, ՍՀՄԿ-ն զարգացնում է նաեւ համագործակցությունը Սեւծովկյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների անվտանգության ապահովման ոլորտում, որը նպաստում է ահաբեկչության, մարդկանց առեւտրի եւ թմրադեղերի շրջանառության դեմ էլ ավելի արդյունավետ պայքարին: Այդ առումով, հանդիպման մասնակիցներն ընդգծել են խորհրդարանների դերը համապատասխան օրենսդիր դաշտի ստեղծման գործում: Հանդիպման ընթացքում նշվել է նաեւ, որ Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն հանդես է եկել առաջարկությամբ` ընդլայնել Եվրամիության սահմանները մինչեւ Հարավային Կովկաս եւ այդ նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինի նաեւ ՀՀ Ազգային ժողովի խոսնակը: