Իրանի խորհրդարանի հայազգի եւ հայամետ պատգամավորները իրենց Հայաստանի գործընկերներին խոստացել են հարցադրում անել ղարաբաղցի հայերին աջակցելու վերաբերյալ, եւ նույնիսկ դիմել այդ հարցով Իրանի նախագահին եւ խորհրդարանի խոսնակին: Ինչպես գրում է Բաքվի «525» թերթը, «Հարավային Ադրբեջանի խորհրդարանի նախաձեռնող խմբի անդամ Ասլան Խալիդին հաղորդել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության թեմային նվիրված, «Քաոս եւ ուրվական» կինոնկարի շնորհահանդեսի ժամանակ»: Ի դեպ, հաղորդում է թերթը, հայազգի իրանցի ռեժիսոր Մերջան Աշրաֆզադեի այդ ֆիլմի նկարահանման ծախսերը իր վրա են վերցրել Իրանի Բարձրագույն կրոնական խորհուրդը եւ հայազգի խորհրդարանականները: Կինոնկարը, Ա. Խալիդիի խոսքերով, օրերս ցուցադրվել է Թեհրանի «Արարատ» մշակութային կենտրոնում, ուր հրավիրվել էին իրանցի եւ հայ խորհրդարանականները: Ցուցադրումից հետո, գրում է թերթը, նրանք կինոնկարի համատեղ քննարկում են անցկացրել` շոշափելով նաեւ Լեռնային Ղարաբաղի թեման: Ընդ որում հայտարարվել է, որ Իրանը պետք է օգնի թույլ չտալ «այդ տարածքի նոր զավթում Ադրբեջանի կողմից»: Իրանի պատգամավորները հայտարարել են, որ իրենց երկիրը պարտավոր է աջակցել Հայաստանին այն բոլոր հարցերում, որոնք վերաբերվում են ղարաբաղյան խնդրին, քանի որ երկու երկրների շահերը տարածաշրջանում համընկնում են: Ա.Խալիլիի խոսքերով, Իրանի խորհրդարանում կան վեց հայազգի պատգամավորներ, որոնք բացահայտ քարոզչություն են տանում ի օգուտ Հայաստանի ղարաբաղյան հարցում: