Մոտ ժամանակներս Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսվում է հատուկ խմբի ստեղծում, որը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի մոտեցումները քաղաքական հարցերի, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Անրի Ժակոլենիի, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի երկրների դեպարտամենտի ղեկավար Յուգ Պեռնեի, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Ռուդի Սալիի հետ Փարիզում կայացած իր վերջին հանդիպումների արդյունքները: ԼՂ ղեկավարի խոսքերով, խումբը սերտորեն կհամագործակցի Լեռնային Ղարաբաղի համապատասխան կառույցների, մասնավորապես, խորհրդարանի եւ ԱԳՆ հետ: Միեւնույն ժամանակ, Արկադի Ղուկասյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավարման գործընթացը փաստորեն սառեցված է վերջին հինգ տարիների ընթացքում: Իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները, նրա կարծիքով, չեն նպաստի բանակցային գործընթացի ակտիվացմանը: Միաժամանակ, նախագահը չի բացառել հաշտարար գործընթացի շրջանակներում առանձին հանդիպումների հնարավորությունը, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով: